ՌՀՄ-ն Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ քննարկել է ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակը

Հայաստանի քաղաքացիներից շատերը համավարակի պատճառով չեն կարողացել հայրենիք վերադառնալ։ Այժմ նրանք կարող են իրենց իրավական կարգավիճակը կարգավորել արտաքսումից խուսափելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ներկայացուցիչները ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայությունների հետ քննարկել են ՌԴ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման խնդիրները: Տեղեկությունը հայտնում է ՌՀՄ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանում միգրանտներին կպարտավորեցնեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրներում

Նշվում է, որ միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վալենտինա Կազակովայի հետ։ Հանդիպման օրակարգում եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի իրականացման կարգը։

Խոսքը Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցների մասին է՝ կապված կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման սպառնալիքի հետ:

Հայաստանցի անօրինական միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ

Կազակովան տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության տարածքում ընդունված աննախադեպ միջոցառումների մասին, որոնք թույլ են տալիս օտարերկրյա քաղաքացիներին (նրանք, ովքեր հայրենիք չեն մեկնել մինչև սահմանների փակումը) կարգավորել իրենց իրավական վիճակը և օրինական հիմունքներով աշխատանքային գործունեություն իրականացնել:

ՌԴ նախագահի` 2020 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի համաձայն ՝ նրանք, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ խախտելով միգրացիոն օրենսդրությամբ սահմանված կացության կարգը, կկարողանան կարգավորել իրավական կարգավիճակը՝ առանց նման դեպքերում նախատեսված պատժամիջոցների կիրառման:

ՌԴ–ում գտնվող հայ միգրանտները մյուսների համեմատ ավելի շատ գումար են ուղարկել հայրենիք

Ուստի Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեցող անձանց խորհուրդ է տրվում դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններ։ Նման քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգելու, գտնվելու վայրում հաշվառվելու մասին որոշում կկայացվի, և կտրվեն համապատասխան փաստաթղթեր:

Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի ՆԳՆ մարմիններում իրենց իրավական կարգավիճակի կարգավորման ժամկետը սահմանվել է մինչև 2021 թվականի մայիսի 15-ը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքային սերտ շփումներ հաստատել ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման հարցում առկա դժվարությունների մասին տեղեկատվության փոխանակման նպատակով:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի նախագահը, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը, Ռուսաստանում միգրանտների ժամանակավոր բնակության ժամկետը երկարացրել էր մինչև 2021 թվականի հունիսի 15-ը:

Օտարերկրացիներն ավելի հեշտությամբ կկարողանան ՌԴ քաղաքացիություն ստանալ