Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին ու քաղաքացիներին շնորհավորել Է Հաղթանակի օրվա առիթով

Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ ԱՊՀ երկրների ժողովուրդները հպարտության առանձնահատուկ զգացումով են հարգում ֆաշիզմի դեմ պայքարում հաղթանակած հայրերի ու պապերի հիշատակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ղեկավարներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հաղթանակը չի տրվում որպես նվեր». նախագահը հյուրընկալել է Հայրենական պատերազմի վետերանների

Շնորհավորական ուղերձում ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ այս օրը ԱՊՀ երկրների ժողովուրդները հպարտության և երախտագիտության առանձնահատուկ զգացումով են հիշում հայրերի ու պապերի սխրանքը, որոնք ուս ուսի արիաբար պայքարել են թշնամու դեմ և անձնվիրաբար աշխատել թիկունքում:

«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և սերունդներին փոխանցել այդ դաժան տարիների իրադարձությունների հիշողությունը։ Մենք պետք է միասին վճռականորեն դիմակայենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Հայրենական մեծ պատերազմի արդյունքները վերանայելու, նացիստների և նրանց կամակատարների կատարած հրեշավոր ոճրագործությունները արդարացնելու ցանկացած փորձերին»,– շեշտել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը վստահություն է հայտնել, որ եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները, որոնք կոփվել են դաժան պատերազմի պայմաններում, եղել են և կմնան որպես ամուր հիմք երկրների և ժողովուրդների միջև կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների կառուցման և զարգացման համար:

Ռուսաստանի նախագահը անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին, մաղթել նրանց առողջություն, բարեկեցություն, ոգու տոկունություն և երկարակեցություն:

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում