ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան Նոր Նորքում հրազենով սպանված տղամարդը 37 տարեկան էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը տեղի ունեցել Դ. Մալյան և Մոլդովական փողոցների հատման վայրում։
«Հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի առաջնային մակերեսին և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թիակի անկյան վրա կլորաձև վնասվածքներով, աջ քունքային շրջանում քերծվածքով, ինչպես նաև՝ 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, 2 գնդակ, 5 պարկուճ, 9 մմ տրամաչափի 2 գազային ատրճանակի պարկուճ և 1 ինքնաձիգի շամփուր»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից էլ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցից հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ սպանվածն ու հիվանդանոց տեղափոխված անձը հարազատ եղբայրներ են: Սպանվածը Հովհաննեսն է, իսկ վիրավորը՝ Կարենը: Պարբերականի տեղեկություններով՝ վերջիններս մոտ մեկ ամիս առաջ էին եկել Ավստրիայից, պատրաստվում էին մեկնել ԱՄՆ, քանի որ «Գրին քարտ» էին շահել:
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ նրանք Ավստրիայի քաղաքացիների էին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։