Աջափնյակում 4 խոշոր ծառ են կտրել. ներողամտություն չի լինելու

Լուսանկարներում երևում է, որ կտրել են սուպերմարկետի մոտ գտնվող ծառերը։ Երևանի քաղաքապետարանը վստահ է, որ համապատասխան մարմիններն իրավական գնահատական կտան կատարվածին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Մայիսի 7-ի երեկոյան Մարգարյան փողոցում (Աջափնյակ) ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել։ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ որոշ մարդիկ, կոպտորեն խախտելով օրինականության և մարդկային պարկեշտության մասին պատկերացումները, չորս կենսունակ խոշոր ծառեր են հատել համայնքային տարածքում։

«Օրինազանցները ենթադրաբար նպատակ են ունեցել զավթել տարածքը՝ հետագայում դրա վրա ինչ-որ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքը արձանագրել են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները։  Այս վրդովեցուցիչ արարքին համարժեք իրավական գնահատական կտան իրավապահ մարմինները։

«Մենք մեր հողի տերն ենք». Որոտանում սահմանի երկայնքով ծառատունկ է իրականացվել

Երևանի քաղաքապետարանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին արդեն հանձնարարել է՝ սեղմ ժամկետներում վերստին կանաչապատել և բարեկարգել հանրային տարածքը։

Հաղորդագրության մեջ շեշտվում է` հակահասարակական նման վարքագիծ դրսևորողները որևէ արդարացում կամ ներողամտություն չեն կարող ակնկալել քաղաքային իշխանությունից։

Երևանի Իսահակյան փողոցում այրվել է 14 տաղավար և 3 ծառ. տեսանյութ