ՀՀ ոստիկանապետը նոր տեղակալ ունի. Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը

Մինչ 2020 թվականը Ցուցուլյանը ծառայել է ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում, հետո տեղափոխվել է Արարատի մարզային վարչություն ու պետ նշանակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ոստիկանության բարձրագույն ղեկավարությունը համալրվել է ևս մեկ փոխոստիկանապետով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կամո Ցուցուլյանը նշանակվել է հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։ Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Կամո Ցուցուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- նշված է հրամանագրում։

Հավելենք, որ Կամո Կոլյայի Ցուցուլյանը ծնվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ 2020 թվականից մինչ այժմ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը։

Կից ներկայացնում ենք Ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված կենսագրությունը։

ՀՀ ոստիկանապետը նոր տեղակալ ունի. Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը

Ծնվել է 1973 թ. հունվարի 2-ին Իջևան քաղաքում:

1995 թ. ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտը,

2009 թ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիան:

13.03.1996 – 06.03.1998 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

29.12.2001 – 11.06.2003 թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության օպերատիվ կապի և հատուկ տեխնիկայի գծով ինժեներ։

11.06.2003 – 27.07.2004 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ։

27.07.2004 – 21.05.2010 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։

21.05.2010 – 19.12.2011 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

19.12.2011 – 30.12.2011 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ։

30.12.2011 – 28.02.2012 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։

28.02.2012 – 12.06.2013 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի պետ։

12.06.2013 – 27.06.2013 թթ. գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։

27.06.2013 – 29.11.2013 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ։

29.11.2013 – 19.06.2020 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։

19.06.2020 թ.-ից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։

Պարգևատրվել է ՀՀ նախագահի 2016 թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով ու կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: