ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ քաղաքացին մայիսի 7-ին Արցախում՝ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին, իր վարած մեքենայով ընկել է ձորը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Օգնություն ցուցաբերելու համար կանչի վայր է մեկնել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնին կից գործող Առաջաձորի հրշեջ փրկարարական ջոկի մեկ մարտական հաշվարկ: Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության ծառայողները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի 33-ամյա վարորդ Ա.Ֆ.-ն իր վարած «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ձորից, տեղում ցուցաբերել առաջին օգնություն։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ըստ ԱՀ ոստիկանության՝ վթարի նախնական պատճառը եղել է արագության գերազանցումը:
Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները