ԱՄՆ-ն համաձայնել է ընդունել Լիլիթ Մակունցին, սպասում են ԱԺ-ի արձակմանը. «Հրապարակ»

Իշխանությունը խոստացել է այլևս կոպտորեն չմիջամտել կառույցի ներքին կյանքին, որպես «զինադադար»՝ ԱԳՆ մի քանի փորձառու դեսպաններ են նշանակվելու տարբեր երկրներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը (նստավայր պետության կառավարության համաձայնությունը) արդեն մի քանի շաբաթ է՝ ստացվել է։ «Հրապարակը» գրում է, որ թեև ամերիկյան կառավարությունը համաձայնել է նրան ընդունել, սակայն Մակունցը սպասում ԱԺ արձակմանը, որպեսզի մեկնի Վաշինգտոն։

ՔՊ–ն արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի. Մակունց

«Քանի որ Մակունցի դեսանտային առաջադրումն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում վրդովմունք էր առաջացրել ԱԳՆ հնակյացների շարքերում, իշխանությունը որոշել է «զինադադար» հաստատել արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և դեսպանության հավակնորդների հետ, և այդ հողի վրա Ռուբեն Խարազյանը (որը գրեթե 30 տարի աշխատում է ԱԳՆ-ում) նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան»,- գրում է «Հրապարակը»։

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ևս նման մի քանի պրոֆեսիոնալների նշանակումներ կլինեն։ Իշխանությունն էլ խոստացել է այլևս կոպտորեն չմիջամտել այս կայացած ինստիտուտի ներքին գործերին։

Պարբերականը հիշեցնում է, որ հեղափոխական Հայաստանում բուռն միջամտությունը ԱԳՆ ներքին կյանքին սկսվեց 2018թ.-ին, երբ Ռուբեն Ռուբինյանին փոխարտգործնախարար նշանակեց։

Sputnik Արմենիան այս հարցով դիմեց ԱԳՆ-ին, սակայն նախարարությունը չմեկնաբանեց այս տեղեկությունը։

Մակունցին դեսպան նշանակելը հակահայկական նպատակ է հետապնդում. բողոքի ակցիա Գլենդելում