Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել ազնվորեն հայտարարել, թե ինչի համար է Վահագն Վերմիշյանը կալանքի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Վերմիշյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Փաստաբանի խոսքով` պահանջել են հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել Վերմիշյանի պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։

«Խնդրել ենք դատարանին արձանագրել անմեղության կանխավարկածի իրավունքի խախտումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն բնորոշ ոճով զրպարտություն համարվող տեղեկություններ է տարածել, ակնհայտ անհիմն և անպատասխանատու հայտարարություն է կատարել իբր ինքն է ՀՀ-ում շնորհում վաստակավոր կոչումներ։ Նախ և առաջ, առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, առ այն, որ Վահագն Վերմիշյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի հետ, իսկ նման ակտի բացակայության պայմաններում անձի մեղավորությունը կասկածի տակ դնելը անթույլատրելի և հակաբարոյական քայլ է»,– գրել է փաստաբանը։

Կոչուբաևը շեշտել է, որ Վերմիշյանի հետապնդումը ակնհայտ քաղաքակական է, իսկ ազատազրկումը, միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն, բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։

«Նիկոլ Փաշինյանը «չներեց» Վահագն Վերմիշյանի առանց ատկատների աշխատելը, պետականամետ քայլերը, վարչապետի ընտանիքի և մերձավոր շրջապատի կոռուպցիոն ներգրավվածության սխեմաների բացահայտումը և դրա դեմ պայքարի փորձերը։ Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին ազնվորեն հայտարարել, թե ինչի համար է Վահագն Վերմիշյանը կալանքի տակ (գուցե Գյումրիում Կարգո կառուցելու իրական պատճառներին տիրապետելու, իսկ կարո՞ղ է Իրանից ցեմենտ և ցեմենտի անվան տակ փոշենման այլ զանգված ներկրելու հետ կապված խնդրի, իսկ գուցե ասֆալտի կոռուպցիոն բիզնեսին խոչընդոտելու)։ Եղեք անկեղծ, պարոն Փաշինյան․ ոչինչ չի մոռացվել, ոչինչ չի մնալու անպատասխան»,- գրել է նա։

Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5–ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել էր։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել էր նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ էր արձակվել։

Կաշառք, խաբեություն, և սա դեռ ամենը չէ. Վերմիշյանի անհավանական արկածները նախկին պաշտոնում

Փետրվարի 6-ին կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը, նշել էր, որ դա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է:

Փաշինյանն ասել էր` տխուր է, որովհետև ՀՀ դրոշի և զինանշանի ներքո և ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող «վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ:
ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ դա անձնական վիրավորանք է իր հասցեին, ՀՀ ժողովրդի հասցեին, 2018-ի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արժեքների հասցեին, իսկ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության:

«Ամենաբարձրաստիճան ձերբակալությունը»․ Փաշինյանը խոսել է Վերմիշյանի մասին