Սահմանադրական դատարանը Արման Թաթոյանի դիմումի հիման վրա որոշում է կայացրել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր ՍԴ՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործի որոշումը։

ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան. Դատական օրենսգիրքն առերևույթ խնդրահարույց է

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

«Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի՝ «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 42-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»,–նշված է ՍԴ որոշման մեջ։

Նշենք, որ ըստ թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի`պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Ըստ ՍԴ որոշման` կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերը, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերը ևս համապատասխանում են Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանը որոշել է` երբ կքննի ՀՀ նախագահի դիմումը

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք, որ Հայաստանում ու Արցախում ռազմական դրություն էր հայտարարվել 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Այն վերացվեց մարտի 24-ին։