Մարտունեցին կորոշի՝ տեղում թողնեն, թե թանգարան տեղափոխեն. Բալասանյանը՝ Նժդեհի արձանի մասին

Վիտալի Բալասանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իրականությունից հեռու է որակում այն լուրերը, թե իբր ինքն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը: Բալասանյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Երևի ուզում են խժդժություններ առաջացնել». Սաղեյանը` Նժդեհի արձանի «ապամոնտաժման» մասին

Նշենք, որ լուրեր էին շրջանառվում, թե Բալասանյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաք և առաջարկել ապամոնտաժել քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը:

«Տեսեք, թե սոցիալական ցանցերում ովքեր են նման տեղեկություններ տարածում, ինչպիսի անցյալ ունեն, ինչով են զբաղված եղել այս տարիներին: Նրանք, ովքեր բարձրաձայնում են արձանի մասին, թե պետք է այն պաշտպանել, ճիշտ կլիներ, որ Ղարաբաղի սահմանը պաշտպանեին, Մարտունու շրջանը պաշտպանեին»,-ասաց Բալասանյանը:

Նրա խոսքով՝ Նժդեհի արձանի մասին խոսակցություններ եղել են, սակայն ոչ թե դրա ապամոնտաժման, այլ տեղահանման, քանի որ այն դեռ լիովին ավարտին հասցված չէ:

Բալասանյանը վստահեցնում է՝ որևէ մեկը նման խնդիր չի դրել, որ այն ընդհանրապես հանվի:

Հարցին, թե տեղահանման դեպքում որտե՞ղ պետք է արձանը տեղադրվի՝ Բալասանյանը պատասխանեց, որ տեղը որոշողը մարտունեցիներն են:

Նժդեհի արձանն իր տեղում է. Արցախի նախագահի խոսնակը հերքում է լուրը

«Մենք չենք որոշողը, թե որտեղ պետք է լինի Նժդեհի արձանը: Այսինքն՝ քանդակագործն իր աշխատանքը կկատարի, և մարտունեցիներն իրենք կորոշեն՝ տեղում թողնել, թե թանգարան տեղափոխել: Սա տեղի բնակչության խնդիրն է»,-ասաց Բալասանյանը:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել էր Նժդեհի արձանն ապամոնտաժելու մասին լուրեր։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են մինչև մայիսի 9-ը ապամոնտաժել արձանը, իսկ ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը:

Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հերքել էր այդ լուրերը՝ ասելով, որ արձանը կանգնեցված է իր տեղում: