ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բացվել է ռուսաց լեզվի ուսուցման լսարան։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Տեղեկությունը հայտնում են ՊՆ-ից։
Շնորհավորելով ռազմական համալսարանի դասախոսական կազմին և կուրսանտներին լսարանի բացման կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ բարեկամ երկու պետությունների դաշնակցային հարաբերությունները և ռազմական համագործակցության բարձր մակարդակը շեշտադրում են մշակութային կապերի, այդ թվում նաև՝ լեզվի իմացության կարևորությունը:
Հիշեցնելով, որ ընդամենը երկու օր անց՝ մայիսի 9-ին, նշվելու է ֆաշիզմի դեմ տարած միասնական հաղթանակի հերթական տարեդարձը, Վաղարշակ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ նորաբաց լսարանում կվերապատրաստվեն Մեծ Հայրենականի հաղթանակը կերտած հայազգի մարշալների և զորահրամանատարների արժանի հետնորդներ:
Ռազմական համալսարանի կուրսանտների հետ մեկտեղ ռուսաց լեզվի ուսուցման լսարանում իրենց գիտելիքները կհամալրեն նաև ՌԴ ռազմաուսումնական բարձրագույն հաստատություններ դիմող սպաները:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռուսաց լեզվի ուսուցման լսարանը կրելու է ռուս անվանի զորահրամանատար Ալեքսանդր Սուվորովի անունը: