Գերիների ազատման հարցում միջազգային ճնշման տակ Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր

Նաղդալյանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց: Տեղեկությունը հայտնել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը`  պատասխանելով տարբեր ԶԼՄ–ներին վերջին օրերին հուզող հարցերին, որոնք կապված են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։

«Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն»,–ասել է Նաղդալյանը:

«Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի»․ Սերգեյ Լավրով

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչեցվող մեղադրանքներին, թե Հայաստանն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չի տրամադրել` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտել է, որ դրանք Ադրբեջանի կողմից առաջ քաշվող կեղծ օրակարգեր են։

«Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար»,– նշել է նա:

Նաղդալյանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:

Հիշեցնենք՝ մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։ Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ գերիները վերադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում։

Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան

Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում 200–ից ավելի հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։