Արցախի արտգործնախարարը նամակ է հղել ԵԱՀԿ–ին

Արցախի Հանրապետության իշխանությունները կոչ են անում ԵԱՀԿ-ին մշտադիտարկման միջազգային առաքելություն իրականացնել, այլապես կվտանգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ջրօգտագործման հիմնարար իրավունքը, այլ նաև ընդհանրապես բնակչության գոյությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանն այսօր նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանը կանի ամեն ինչ, որպեսզի կոմունիկացիաների բացումը տեղի չունենա. Փաշինյան

Նամակներում նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան լուրջ սպառնալիքներ է ստեղծել Արցախի Հանրապետության ջրային անվտանգության համար։

2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, որն Արցախի ջրային ռեսուրսների հիմնական աղբյուրն է։ Այժմ Արցախի Հանրապետությունում օգտագործվող ջրի մոտ 98%-ը սկիզբ է առնում Քարվաճառում։ Այնտեղ են գտնվում նաև Սևանա լիճը սնուցող Արփա և Որոտան գետերի ակունքները։ Սևանում է կենտրոնացած Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ը. առանց այդ գետերի Սևանին բնապահպանական աղետ է սպառնում։

Այսպիսով, այսօր ավելի քան երբևէ Արցախի Հանրապետության պատմության ընթացքում, չափազանց կարևոր է ապահովել արցախցիների ջրօգտագործման իրավունքը և Հանրապետության ջրային անվտանգությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտման մշտական սպառնալիքին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող և համակարգվող հայատյացության երկարամյա պետական քաղաքականությանն ու էթնիկ հայերի դեմ ատելության քարոզչությանը հակազդելու համար անհրաժեշտ են անվտանգային լուրջ միջոցառումներ:

Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին

Նամակներում նաև նշվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները կոչ են անում ԵԱՀԿ-ին մշտադիտարկման միջազգային առաքելություն իրականացնել այն գոտում, որտեղ սկիզբ են առնում վերոնշյալ գետերը։ Հակառակ դեպքում, կվտանգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ջրօգտագործման հիմնարար իրավունքը, այլ նաև ընդհանրապես բնակչության գոյությունը։