Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին

Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ողջունում ենք Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ ՀՀ ԱԳՆ

Միրզոյանի խոսքով`դա վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:

«Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում»,–գրել է Միրզոյանը:

Խորհրդարանի խոսնակը հավելել է՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները, պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում անցյալի հանցանքների կրկնության համար:

Հիշեցնենք` մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Որոշմանը կողմ էին արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը։