Օդից վերցրած տեղեկատվություն է. ԱՆ–ն հերքում է պատվաստումները պարտադրելու լուրերը

Հայաստանում այսօր պատվաստումներն իրականացվում են երկու պատվաստանյութերով`«Սպուտնիկ V»–ով ու «AstraZeneca »–ով, երրորդ` չինական արտադրության «ԿորոնաՎակ»–ը մաքսազերծման փուլում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Լուրն այն մասին, թե Հայաստանում բժիշկներին ստիպում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ և պարտադիր «AstraZeneca»–ով, ՀՀ առողջապահության նախարարությունում անհիմն են որակում։

«Հրապարակ» թերթն այսօր գրել է, որ բուժաշխատողներից ահազանգեր են ստանում, թե պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, և հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «AstraZeneca» պատվաստանյութով։ Նշվում է նաև, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

«Ո՛չ աղբյուր կա, ո՛չ բողոք կա, օդից վերցրած տեղեկատվություն է»,– Sputnik Արմենիային ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը` մեկնաբանելով տվյալ տեղեկությունը։

Նա նաև հավաստիացրեց, որ նախարարությունը պատվաստումների պարտադրանքի խնդիր  իր առջև չի դրել, որովհետև դրանք այսօր Հայաստանում շատ ակտիվ ընթանում են։

«Քաղաքացիների ինքնագիտակցության շնորհիվ, մարդիկ հասկացել են, որ COVID-ի դեմ կարելի է պայքարել միայն այս ճանապարհով։ Հիմա բավական ակտիվացել է գործընթացը։ Մենք էլ պատվաստումներն ենք բերել ավելի մոտ քաղաքացիներին։ Հիմա պարտադիր չէ, որ քաղաքացին գնա այն պոլիկլինիկան, որտեղ կցագրված է։ Կարող է գրանցվել ցանկացած այլ պոլիկլինիկայում ու պատվաստվել։ Պոլիկլինիկաները ամեն օր են աշխատում, շաբաթ–կիրակի 10։00-16։00 հերթափոխով աշխատում են»,– ասաց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանում այսօր պատվաստումներն իրականացվում են երկու պատվաստանյութերով. «Սպուտնիկ V»–ով պատվաստվում են 18-54 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցողները, իսկ «AstraZeneca»` 18 տարեկանից սկսած բոլոր քաղաքացիներին` կամավորության սկզբունքով։

356 նոր դեպք, 17 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Երրորդ պատվաստանյութը` չինական արտադրության «ԿորոնաՎակ»–ը,  ներկա պահին մաքսազերծման փուլում է։ Այն, Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, կկիրառվի նույն « AstraZeneca»–ի տարբերակով` համատարած և կամավորության սկզբունքով։

Անսպասելի առողջական խնդիրներ. COVID-19-ի 5 ամենալուրջ հետևանքները

«Հայաստանում պատվաստումները միշտ արվել են կամավորության սկզբունքով, ոչ ոք չի կարող պարտադրել»,– ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ  պատվաստվել է 7100 քաղաքացի։