ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նախարարի պաշտոնակատարը, կարևորելով գերատեսչության և ՀԿԵ-ի միջև ձևավորված համագործակցությունը, հույս է հայտնել, որ այն ավելի կընդլայնվի և կունենա շարունակական բնույթ: Փիլոյանն անդրադարձել է COVID-19-ի պատճառով հետաձգված համատեղ ծրագրերին, որոնք սկսել են շարունակաբար կյանքի կոչվել:
Մելնիկովը ևս կարևորել է կողմերի միջև փոխգործակցությունը` նշելով, որ ամբողջ աշխարհում երկաթգիծը համարվում է բարձր վտանգավորության օբյեկտ: Նա տեղեկացրել է, որ ընկերությունում գործում է վերականգնողական ստորաբաժանում և առաջարկել՝ արդյունավետության բարձրացման նպատակով վերապատրաստել իրենց մասնագետներին ԱԻՆ-ում, և ապագայում նրանց դիտարկել որպես գերատեսչության այսպես կոչված «արտահաստիքային» աշխատակիցներ:
Փիլոյանը ողջունել է առաջարկը և գործընթացին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Այդ համատեքստում նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պարբերաբար ուսումնավարժություններ են անցկացվում օդանավակայանի անձնակազմի հետ։ Նա ընդգծել է, որ այդ աշխատանքներում հնարավոր է նաև ՀԿԵ-ի ներգրավումը:
Փիլոյանը կարևորել է նաև փրկարարական աշխատանքներում ընկերության տեխնիկայի ներգրավման հնարավորությունը: Մելնիկովը վստահեցրել է, որ այդ հարցում իրենք պատրաստակամ են:
Հանդիպման վերջում կողմերը «Երկաթուղային ենթակառուցվածքում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակները վերացնելիս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «ՀԿԵ» ՓԲԸ-ի փոխգործակցության մասին» հուշագիր են ստորագրել:
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվում են անցկացնել համատեղ խորհրդատվություններ կամ մասնակցել կողմերի մարմինների, կառույցների աշխատանքներին, ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, իրականացնել տեղեկատվության, կուտակած փորձի փոխանակում և այլն:
Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու