Ադրբեջանը ՀՀ քաղաքացիների նկատմամբ արդյունավետ հետախուզում չի կարող իրականացնել. Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ հետապնդումների ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ Արցախյան պատերազմին վերաբերող քրեական գործերով ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ հետապնդումների ու հետախուզման բազմաթիվ դեպքեր կան։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա չցանկացավ անուններ տալ` ասելով, որ դրանց մասին այս պահին հրապարակային խոսելն արդարացված չէ։

Լրագրողների դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը պարբերաբար հայ նախկին ու ներկա պաշտոնյաների նկատմամբ հետախուզման մասին հայտարարություններ է անում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Եթե իրենք խոսում են, դա չի նշանակում, որ մենք էլ պիտի խոսենք։ Մենք խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ, և բնականաբար, մենք մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով, գալիս ենք այն հետևության, որ դրա մասին հրապարակային խոսելը չի օգնի, այլ հակառակը` կվնասի»։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, դատախազը նշեց, որ Հայաստանը դրանք անարձագանք չի թողնում և միշտ հակաքայլեր է ձեռնարկում։

«Եվ այդ հակաքայլերն արդյունք են տվել։ Եվ նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել», – ասաց Դավթյանը։

 Հիշեցնենք` 2020թ–ի նոյեմբերին Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Բաքվի ռազմական դատարանը Օհանյանին հեռակա կարգով կալանավորելու որոշում էր կայացրել։