ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ ՀՀ արտգործնախարարությունը ողջունում է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը: Հայտարարությունը հրապարակված է ԱԳՆ կայքում։
«Կիսում ենք Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով», - գրված է հայտարարությունում։
Նշվում է, որ սա ևս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման ուղղությամբ:
«Այս հռչակագիրը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է», - շեշտում է ԱԳՆ–ն։
Հիշեցնենք՝ այսօր Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հայտարարության մեջ ասված էր` Լատվիան ճանաչում է, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովրդի մի ստվար քանակություն արտաքսվել է, բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ, դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ։