Ծառուկյանի գործը փակված չէ, այն դեռ երկար է քննվելու. դատախազ

Արթուր Դավթյանն ասել է, որ ԲՀԿ նախագահի գործը երկար է քննվելու, որովհետև խոսքը վերաբերում է հազարավոր անձանց ներգրավմամբ մեծ ծավալներ ստացած հանցավոր դրսևորումների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը փակված չէ։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Այդ քրեական գործը քննվում է։ Հասկանալի պատճառով այն երկար է քննվելու, որովհետև խոսքը վերաբերում է հազարավոր անձանց ներգրավմամբ մեծ ծավալներ ստացած հանցավոր դրսևորումների։ Պարզ է, որ քննությունը պետք է ավարտի այդ ամեն ինչը, ու դրան տրվի իրավական գնահատական»,– ասաց Դավթյանը։

«Բա ես պետք է ճոխ անեմ, հո դո՞ւ չէիր անելու». Ծառուկյանը` որդու հարսանիքի մասին

Դավթյանը հայտարարեց նաև, որ հանրության համար ոչ մի քրեական  գործ անհասկանալի չի կարող մնալ։

Հիշեցնենք` 2020թ–ի հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

«Գնում ենք մենակ, գնում ենք հաղթելու». Գագիկ Ծառուկյանը խոսեց ընտրությունների մասին

2020թ–ի հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Ծառուկյանն ազատ արձակվեց 100 մլն դրամ գրավի դիմաց։