Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` բանակցությունների ընթացքում ամենակարևոր հարցը բնականաբար կապված է գերիների խնդրի հետ, իսկ աշխարհաքաղաքական առումով չափազանց կարևորվում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, ինչն, ըստ քաղաքագետի, ենթադրում է գլոբալ փոփոխություններ, որոնք նոր հնարավորությունների հետ մեկտեղ կբերեն նաև նոր վտանգներ։
«Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձ կատարելն ըստ էության մեսիջ է` ուղղված ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային, քանի որ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կամովին, առանց պարտադրանքի։ Տպավորությունն այն է, որ կան ինչ–որ խնդիրներ, որտեղ ոչ միայն հայկական կողմը, այլև ռուսական կողմը բավարարված չէ, թե ինչպիսի աշխատանքներ են ընթանում։ Կարելի է ենթադրել, որ ճանապարհների վերահսկողության խնդիրն է առաջնահերթ քննարկման առարկա դարձել, թե ովքեր են վերահսկելու, ինչ կարգավիճակ են ունենալու և որ ճանապարհներն են բացվելու»,– նշեց քաղաքագետը։
Դանիելյանի կարծիքով` գերիների հարցն արդեն քաղաքական բնույթ է ստացել և այն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նկատառումներով, որպեսզի հոգեբանական ճնշում գործադրի Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ Ըստ նրա` այդ հարցը կազդի նաև մեր ներքաղաքական հետագա զարգացումների, ընտրական գործընթացի և ապագա կառավարության ձևավորման վրա։ Քաղաքագետի համոզմամբ` գերիների վերադարձի հարցում Ռուսաստանի դերակատարումը չափազանց մեծ ու կարևոր է, քանզի այդ երկիրն ուղղակի միջնորդ է։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի քաղաքականացումից զերծ մնալու Սերգեյ Լավրովի կոչին` Դանիելյանն ընդգծեց, որ արցախյան հիմնախնդիրն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, միշտ եղել է մեծ ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանը, Արևմուտքը և մյուս շահագրգիռ կողմերը փորձում են ինչ-որ կերպ ներգրավվել կարգավորման գործընթացում` ունենալով որոշակի ազդեցություն։ Ըստ նրա` Լավրովի ցանկությունը հավանաբար այն է, որ մթնոլորտը չշիկանա, հիմնախնդրի կարգավորումն ընթանա հանդարտ և պարզ լինի, թե ինչ գործընթացներ են նախանշվում, որոնք անկասկած ազդեցություն կունենան արցախյան խնդրի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա։
Խաղաղապահներն ամեն ինչ անելու են, որպեսզի լուծեն շփման ճշգրիտ գիծ սահմանելու հարցերը
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Այսօր առավոտյան Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
ՌԴ-ն հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովման հանձնառությանը. Լավրով
Այցի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարարին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և ներկայացրել հարցերի այն շրջանակը, որ քննարկել են հանդիպման ընթացքում։Սերգեյ Լավրովը հանդիպել և բանակցություններ է վարել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։