Ի՞նչ է նախատեսում կենսաբանական անվտանգության մասին հայ-ռուսական հուշագիրը. մանրամասներ

Հուշագրով չի նախատեսվում որևէ կողմի համար միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակի: Հուշագրի մասին մանրամասներ են հայտնի դարձել Sputnik Արմենիային։

Հայաստանում նախատեսվում է «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն հիմնել

Այսօր ստորագրված հուշագրով նախատեսվում են գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

Հուշագիրը կարգավորում է կենսաբանական անվտանգության ապահովման ասպարեզում Հայաստանի և Ռուսաստանի՝ երկու ինքնիշխան պետության համագործակցությունը: Հուշագրով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այսօր միջկառավարական հուշագիր են ստորագրել` կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ։ Նա նշել է, որ դրա իրականացումը թույլ կտա շոշափելի արդյունքի հասնել այդ զգայուն ու ակտուալ ոլորտում հետագա համագործակցության մեջ, ինչպես նաև ամրապնդել կենսաբանական անվտանգության ընդհանուր միջավայրը։