Հայաստանը հետախուզում է հայտարարել Արցախի պատերազմին մասնակցած 40 ահաբեկչի նկատմամբ

Քրեական գործերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս Արցախյան պատերազմից առաջ Թուրքիայի միջամտությամբ ահաբեկչական խմբավորումներ ու Սիրիայի բնակիչներից վարձկաններ են ներգրավվել ու տեղափոխվել Ադրբեջան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ ուղղակի կապի կամ ուղիղ համագործակցության մեջ չի եղել։ Այս մասին ՀՀ ԳԴ Արթուր Դավթյանը հայտնեց այսօր ԱԺ–ում` դատախազության 2020 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս։

Հիմնավորվել է` Մուհամմադ ալ-Շխերը և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին սիրիացի վարձկան-ահաբեկիչներ են

«Բայց ՌԴ դատախազության միջնորդությամբ բազմաթիվ վարույթներով տեղեկություններ են փոխանցվել, ստացվել են տեղեկություններ։ Հատկապես` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր զինծառայողների կամ քաղաքացիական անձանց խոշտանգումների փաստերը մշտական ռեժիմով ներկայացվում են, պահանջ է ներկայացվում, որպեսզի նաև մեր ռուսաստանցի գործընկերոջ հետևողականությամբ դրանցով մենք ունենանք արդարացի արձագանքներ»,– ասաց Դավթյանը։

Դատախազը նաև հայտնեց, որ քրեական գործերով ապացույցներ են ձեռք բերվել  այն մասին, որ դեռևս Արցախյան պատերազմից առաջ Թուրքիայի միջամտությամբ ահաբեկչական խմբավորումներ ու Սիրիայի բնակիչներից վարձկաններ են ներգրավվել ու տեղափոխվել Ադրբեջան։

«Մեր կողմից ձերբակալած երկու ահաբեկիչների նկատմամբ արդեն ունենք դատական ակտ, նրանք դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Ունենք շուրջ 4 տասնյակ հետախուզվող ահաբեկիչներ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել պատերազմին, այդ թվում ` ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ»,– ասաց Դավթյանը։

Թուրքիայի վարձած ահաբեկիչները կօգտագործվեն նաև ԱՊՀ մյուս երկրներում. Մելիք–Շահնազարյան

Հիշեցնենք` մայիսի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան 2 ահաբեկիչներին դատապարտել էր ցմահ ազատազրկման։