Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսությունը. Լավրով

2022թ–ին լրանում է ՀՀ—ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30– ամյակը , որի շրջանակներում նախանշված երկկողմ միջոցառումները հերթական անգամ կընդգծեն երկու երկրների ռազմավարական, գործընկերային հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը երկար ժամանակով ստուգված ռազմավարական գործընկերներ են։ Այսօր Երևանում հայտարարել է ՀՀ–ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը խոսել է գերիների մասին

«Բանակցությունների ընթացքում մենք փաստեցինք, որ մեր միջև ակտիվ զարգանում է քաղաքական երկխոսությունը, առաջին հերթին` ամենաբարձր մակարդակով։ Մեր երկրների ղեկավարները միայն այս տարվա ընթացքում արդեն 2 լիարժեք հանդիպում են ունեցել, 8 հեռախոսազրույց անցկացրել , 2 անգամ հանդիպել են կառավարության ղեկավարները, և իհարկե, կարգավորված են համապատասխան գերատեսչությունների ու ստորաբաժանումների միջև երկկողմ ինտենսիվ հարաբերությունները»,– ասաց Լավրովը` հիշեցնելով, որ ՌԴ խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել էր Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին։

Մայիսի 16-18–ը նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Մոսկվա։ Լավրովը հայտնեց նաև, որ 2022թ–ին լրանում է ՀՀ—ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30– ամյակը , որի շրջանակներում  նախանշված երկկողմ միջոցառումները  հերթական անգամ կընդգծեն երկու երկրների ռազմավարական, գործընկերային հարաբերությունները։

«Ռուսաստանը մնում է Հայաստանի տնտեսական գործընկերն ու առաջատար ներդրողը, չնայած անցյալ տարվա ընթացքում ապրանքաշրջնառության որոշակի աննշան անկման։ Հուսով ենք` վերականգնել մեր տնտեսական կապերի աճի միտումը` տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի արդյունքում, որը նախանշված է անցկացնել այս տարի»,–ասաց Լավրովը։

Պատասխանելով լրագրողների հարցերին` ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց, որ Հայաստանի ու ՌԴ–ի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 9.6 տոկոսով` 2 մլրդ 300 մլն դոլարով, որը, նրա բնորոշմամբ, բավական սոլիդ ծավալ է։

«Բայց կասկած չկա, որ համաճարակային իրավիճակից դուրս գալուն զուգահեռ այն դարձյալ կաճի, ընդ որում` արագ տեմպերով»,– ասաց Լավրովը։

Նա նաև շեշտեց, որ տարածաշրջանի ապաշրջափակման արդյունքում մեծապես կավելանան ոչ միայն հայ-ռուսական, այլև Հայաստանի ու հարևան երկրների միջև տնտեսական փոխգործակցության ցուցանիշները։

Որպեսզի ամրապնդենք բիոլոգիական անվտանգությունը. Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել մայիսի 5-ի երեկոյան։

Այսօր վաղ առավոտյան Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդ, ապա ԱԳՆ-ում հանդիպել է Արա Այվազյանի հետ։

Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։