«Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի»․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ամեն կերպ խթանելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Ռուսաստանը վստահ է, որ մոտ ապագայում կստացվի լուծել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Այս մասին հայտարարել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Լավրովը Երևանում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ շարունակում է հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահված անձանց վերադարձի գործընթացի օգտին։

«Հասկանում ենք այս քայլի խորհրդանշական, զգացմունքային նշանակությունը և վստահ ենք, որ առաջիկայում կկարողանանք լուծել այդ խնդիրը։ Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի մյուս բոլոր հարցերում վերջնական կարգավորումն առաջ մղելու համար։ Մենք ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևաչափերում և իհարկե ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որպեսզի առավելագույն դրական մթնոլորտ ստեղծվի մնացած բոլոր հարցերի լուծման համար», - ասել է նա։

Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։ 

Այսօր առավոտյան Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։  Այնուհետև նրան ընդունել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Դիվանագետները հուշագիր են ստորագրել։ Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և ներկայացրել հարցերի այն շրջանակը, որ քննարկել են հանդիպման ընթացքում։

Այնուհետև նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։

Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ