ԵԱՀԿ անդամ երկրներից 11–ը համատեղ հայտարարություն են ընդունել. Հայաստանը նրանց թվում է

Դիվանագետները հաստատել են, որ հավատարիմ են ազատ, ժողովրդավարական և անվտանգ միության գաղափարին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ ԵԱՀԿ անդամ 11 երկրների մշտական ներկայացուցիչները, ներառյալ Հայաստանը, հայտարարություն են ընդունել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակի կապակցությամբ, որում ընդգծել են նացիզմի և նեոնացիզմի հերոսացման անթույլատրելիությունը:

Սերգեյ Լավրովն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ

Հայտարարությունն ընդունել են ԵԱՀԿ-ում Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչները:

«2021 թվականին նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի 76-րդ տարելիցը։ Նացիզմը միլիոնավոր կյանքեր խլեց և հրեշավոր տառապանքներ պատճառեց մարդկությանը, և մեր սրբազան պարտքն է փայփայել և հաստատակամորեն պաշտպանել պատմական ճշմարտությունն այն իրադարձությունների մասին, որոնք պահպանվում են մեր ժողովուրդների հիշողության մեջ և արխիվային փաստաթղթերում: Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության, դրա պատճառների և արդյունքների կեղծումը վիրավորում է նացիզմի դեմ պայքարողների հիշատակը՝ նպաստելով մանիպուլյացիաներին և ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմքերի խարխլմանը», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ անթույլատրելի է ցանկացած նացիստական շարժման և նեոնացիզմի հերոսացումը, այդ թվում՝ հուշարձանների և հուշահամալիրների կառուցման և հրապարակային ցույցերի անցկացման ձևով։

«Վճռականորեն դատապարտում ենք նացիստական հանցագործների և նրանց հանցակիցների վերականգնման և հերոսացման փորձերը»,- շեշտել են ԵԱՀԿ անդամ երկրները:

Կազմակերպության մշտական ներկայացուցիչները հաստատել են, որ հավատարիմ են ազատ, ժողովրդավարական և անվտանգ միության գաղափարին: Նրանք նաև կարևորել են իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա համապարփակ երկխոսությունը՝ միջազգային անվտանգության և վստահության համակարգի ամրապնդման նպատակով։

ԽՍՀՄ հերոսների մասին վիրտուալ թանգարան է բացվել