Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը խոսել է գերիների մասին

Ըստ Այվազյանի՝ կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման։

Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան. լուսանկարներ

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ։

«Ձեր այցի շրջանակներում մենք սկսեցինք քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու ենք քննարկումները օրվա ընթացքում: Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը»,-նշել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը:

Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է, շեշտել է Այվազյանն ու հավելել, որ այդ խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը:

Այվազյանն ու Լավրովը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել մայիսի 5-ի երեկոյան։

Այսօր վաղ առավոտյան Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդ, ապա ԱԳՆ-ում հանդիպել է Արա Այվազյանի հետ։

Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։