Թաթոյանն ամենօրյա կապի մեջ է ռուս գործընկերուհու հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ռուս գործընկերոջը ներկայացնում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Այսօր Ազգային ժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ ամենօրյա կապի մեջ է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:

Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան

Թաթոյանի խոսքով` ռուսական կողմի հետ համագործակցությունն առավել կարևոր է, քանի որ Հայաստանի Սյունիքի մարզում են գտնվում ռուս սահմանապահներ, որոնք ակտիվ մասնակցում են տեղի բնակչության անվտանգության ապահովմանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ռուս գործընկերոջը ներկայացնում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրները։

Ըստ Թաթոյանի` միջազգային իրավունքի համաձայն` սահմանային գործընթացները, այդ թվում սահմանների տարանջատումը չպետք է խանգարեն մարդկանց առօրյա կյանքին, ինչպես դա տեղի է ունենում Գեղարքունիքում և Սյունիքում, որտեղ մարդիկ չեն կարող անարգել տեղաշարժվել կամ տնօրինել իրենց հողը:

Նա ընդգծեց, որ չկա ոչ մի փաստաթուղթ, որտեղ Հայաստանը կամ Ադրբեջանը պայմանավորվել են սահմանի բաժանման մասին։ 1970-1980-ական թվականների քարտեզները, որոնց մշտապես հղում է անում Ադրբեջանը, միակողմանի մոտեցում է։

«Այդ դեպքում ինչու մենք չենք նայում 1920-ական թվականների քարտեզները, որտեղ, օրինակ, Ալ լիճը գտնվում էր Հայկական ԽՍՀ կազմում»,– ասաց Թաթոյանը։

Խորհրդային տարիներին սահմանները բաժանելը ոչ թե երկու հանրապետությունների պայմանավորվածությունն է եղել, այլ միութենական ղեկավարության որոշումը։ Անդրկովկասյան դաշնային հանրապետությունում կար սահմանային վեճերի հանձնաժողով, սակայն որոշիչ դեր չէր խաղում։

Վազգեններին շան պես կապել ենք. Թաթոյանը ներկայացրել է հայատյացության նոր դրսևորումները