Վազգեններին շան պես կապել ենք. Թաթոյանը ներկայացրել է հայատյացության նոր դրսևորումները

Թաթոյանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի  - Sputnik. «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսպես է վերնագրել իր նոր արտահերթ զեկույցը (անգլերենով): Տեղեկությունը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Facebook–ի իր էջում։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը՝ ԵԽԽՎ–ում

Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակը» ադրբեջանական ընկալումներում:

Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանականդ ընկալումների մի քանի օրինակ։

  • Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն:
  •  Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են:
  • Ռազմական ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում է:
  • Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան):
  •  Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի:
  • Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:

«Այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն»,–գրել է Թաթոյանը:

Միյատովիչը քննադատել է Բաքվի «պուրակի» անմարդկային տեսարանները. Ադրբեջանը պատասխանել է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:

Հիշեցնենք` Բաքվում բացվել է ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների մանեկեններ։