Նախագահականում մեկնարկել է «Զարթոնք» ծրագիրը վիրավորում ստացած զինծառայողների համար

Բոլոր զինվորներին առաջարկվում է մասնագիտությունների շարք, որոնք հնարավոր է սովորել նաև տանը՝ անկախ ֆիզիկական վիճակից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Նախագահական նստավայրում Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի աղոթքով և օրհնությամբ մեկնարկեց «Զարթոնք» ծրագիրը: 

Ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը կտեղափոխվի Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար

Հոգեբանական աջակցության ծրագրի շահառուներն են պատերազմում վիրավորում ստացած և ներկայում բուժում ստացող զինծառայողները, նրանց հարազատները: Սասնակիցները Երևանից ու տարբեր մարզերից են՝ Շիրակ, Տավուշ, Սյունիք, Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Արմավիր:

«Զարթոնքի» համար իրենց ուժերը միավորել են նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» ծրագիրն ու 44-օրյա պատերազմի առաջին օրերից մեկնարկած «Հոգեբանական աջակցություն» նախագիծը: «Զարթոնքի» պատասխանատու տնօրեն Մարինա Մարյանյանի խոսքով՝ միայն ֆիզիկական առողջացմամբ չէ հոգեբանական առողջությունը վերականգնվում: Ուստի և ծրագիրն առանձնահատուկ կարևորություն է ստանում:

Մասնակիցների հետ հանդիպելու են նախագահ Արմեն Սարգսյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ Դավիթ Գևորգյանը, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Բժիշկ-կամավորականները հիմնադրամ են ստեղծել Արցախում վիրավորված զինվորներին օգնելու համար

Վերականգնման փուլում գտնվող զինծառայողնեդի հետ կզրուցի և իր փորձով կկիսվի ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը: 

Այսօրվա միջոցառման շրջանակում նախատեսված են փակ հանդիպում-քննարկումներ առանձին խմբերի հետ:

Կարևորվում է նաև վիրավոր զինվորների հարազատների հետ առանձին աշխատանքը՝  հույզերը կառավարելու, զինվորի հետ ճիշտ խոսելու համար:

«Նրանք ամենամեծ ազդեցությունն ունեն զինվորի վրա: Կարևոր է, որ նրանք իմանան, թե ինչպես ճիշտ ազդել», - նշում է Մարինա Մարյանյանը:

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Այս ծրագրի շրջանակում նախատեսված է աջակցություն զինվորների աշխատանքի և ուսման հարցերում: Բոլոր զինվորներին առաջարկվում է մասնագիտությունների շարք, որոնք հնարավոր է սովորել նաև տանը՝ անկախ ֆիզիկական վիճակից:

Մասնակիցները կցվելու են մասնավոր ընկերությունների, որտեղ էլ նրանք աշխատանքային պրակտիկա են անցնելու. այն բարեհաջող ավարտելուց հետո արդեն աշխատանքի կանցնեն:

«Զարթոնքը» շարունակական է լինելու: Այսօրվա հանդիպմանը մասնակցում է մոտ 100 մարդ:

Հանդիպումները միայն նման ձևաչափով չեն իրականացվելու. մասնակիցների տվյալները փոխանցվելու են հոգեբանների, որոնք մարզերում շարունակելու են աշխատանքները: