Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է ավազակապետական հեղափոխություն անել. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինայնը մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահի` քիչ առաջ արված հայտարարությունն արտահերթ ընտրությունների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է փորձել ավազակապետական հեղափոխություն անել։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը։

Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են. Փաշինյանը ողջունեց նոր բացահայտումները

Տեր–Պետրոսյանն այսօր հայտնել էր` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ըստ առաջին նախագահի` Քոչարյանը հրաժարվել էր, իսկ Սարգսյանը չէր պատասխանել։ Տեր–Պետրոսյանն ասում է, որ հիմա էլ նույն առաջարկն է անում նախագահներին։

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում 2 անգամ փորձել է իշխանափոխություն կամ հեղափոխություն անել. առաջինը 2008-ի ժողովրդավարական հեղափոխությունն է, որը չստացվեց, երկրորդն էլ բուրժուադեմոկրատականն էր, որի ճակատագիրը բոլորիս հայտնի է։ Վստահեցնում եմ` ավազակապետական հեղափոխությունն էլ չի ստացվելու»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` փաստորեն, միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին նախկինում մեծ ճշգրտությամբ հաջողվել է, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն էր։ Սա էլ, սակայն, ըստ Փաշինյանի, խափանվել է:

Սարգսյանն ու Քոչարյանը գենետիկորեն վախ են ներարկել ազգի մեջ պատերազմի նկատմամբ. Փաշինյան

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն ասել էր նաև, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից ու Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները։