Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

Ազգային ժողովի փոխնախագահը հորդորում է անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն այսօր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (Covid -19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար)»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո:

Նազարյանը հորդորում է պատվաստվել և կանխարգելել Covid-19-ը։

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել Covid-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից, պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար։

Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00։

Նախապես պետք է զանգահարել պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար։

493 նոր դեպք, 13 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հիշեցնենք` ապրիլի 29-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում կառավարության նիստին ներկա բոլոր անձինք պատվաստվեն։

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են. տեսանյութ