Ինչո՞ւ են Արցախում դադարեցվել աճյունների որոնումները

Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնումների ողջ ընթացքում հայտնաբերվել կամ հայկական կողմին է հանձնվել ընդհանուր առմամբ 1553 մարդու աճյուն և մարմին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Արցախյան հակամարտության գոտում զոհվածների աճյունների որոնումներն անորոշ ժամանակով դադարեցվել են։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը։

Եվս մեկ հայի աճյուն է հայտնաբերել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող շրջանում

«Զոհվածների աճյունների որոնումներ չեն իրականացվում մայիսի 4-ից սկսած՝ ուղեկցորդի բացակայության պատճառով»,-նշեց Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ հենց որ տեղանքին լավ ծանոթ մարդ գտնվի, որոնողական աշխատանքները կվերսկսվեն։ Մոտակա ժամանակներս նախատեսվում է որոնումներ իրականացնել Վարանդայում (Ֆիզուլի), Ջրականում (Ջաբրայիլ), Հադրութում և Որոտանում։

Որոնումների ամբողջ ընթացքում, որոնք սկսվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում զինադադարի հաստատումից հետո, հայտնաբերվել կամ հայկական կողմին է հանձնվել ինչպես մարտական գործողությունների մասնակիցների, այնպես էլ քաղաքացիական անձանց ընդհանուր առմամբ 1553 աճյուն և մարմին։