ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի որոշումը հեշտ չի կայացվել։ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ թե՛ ՀՀԿ-ում, թե՛ Արթուր Վանեցյանի կուսակցությունում միանշանակ չեն ընդունել այս որոշումը։ Ավելին, թերթի տեղեկություններով՝ որոշման մասին հայտարարելուց հետո «Հայրենիքի» անդամներից 3–ը դիմում են գրել և հեռացել։ Թեև 7 հազարից ավելի անդամ ունեցող կուսակցության համար 3-ը մեծ թիվ չէ։
Կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասել է․ «Ես նման տվյալ չունեմ, եթե որևէ տարածքում դիմում է գրվել, որը դեռ չի հասել մեզ, ինֆորմացիա չունեմ»։
Բայց չի հերքել, որ կուսակցությունում եղել են դժգոհություններ` ՀՀԿ-ի հետ դաշինքի մասով։
«Սպասվում էր, որ «Հայրենիքն» առանձին պիտի մասնակցի, բայց եղել են տարբեր՝ թե՛ Երևանի, թե՛ մարզային տարածքային գրասենյակների հետ շփումներ, և բոլորը մեծ հաշվով հասկացել են, թե ինչի համար է դա արվում»,– ասել է նա։
Ըստ թերթի` ցուցակը գլխավորելու է Արթուր Վանեցյանը, երկրորդը Տարոն Մարգարյանն է։
«Հրապարակի» տեղեկություններով` «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը կոչվելու է «Պատիվ ունեմ»։ Այդ տեղեկությունը փորձել են ճշտել երկու կուսակցությունների ղեկավար կազմի հետ, սակայն նրանց զանգերը մնացել են անպատասխան։
Վանեցյանն այդ արտահայտությունն էր օգտագործել ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու տեքստում։
Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտնել է ապրիլի 25-ին, ՀՀ նախագահն ընդունել է վարչապետի ու կառավարության հարաժարականը:
ՀՀԿ–ն էլ ապրիլի 29–ին հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին և դա անելու է «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։