Հայտնի է` Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը երբ է իմացել հարձակման մասին. Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը խոստանում է` առաջիկա օրերին Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցից որոշ հատվածներ հասանելի կլինեն հանրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցն աստիճանաբար, թույլատրելիի սահմանում, այսինքն` այն մասով, ուր գաղտնիություն չկա, հանրությանը կներկայացվի։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Ապրիլյանից 2 ամիս առաջ միջնորդներն առաջարկել են հրաժարվել միջանկյալ կարգավիճակից. վարչապետ

Նշենք, որ այսօր ԱԺ–ում փակ նիստում ներկայացվել և քննարկվում էր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Ես մոտ 1 ժամանոց ելույթ ունեցա, և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ իմ ելույթից որոշակի ծաղկաքաղ արվի ու ներկայացվի։ Մոտակա 2-3 օրերին, եթե գտնենք նման կտորներ, կհրապարակենք։ Ամեն դեպքում, այդ զեկույցում պատերազմի շատ հարցերի պատասխաններ են փաստագրվել։ Պետք է հավելեմ, որ միայն ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը չհանդիպեց հանձնաժողովի հետ, և եթե նրան էլ լսեինք՝ կամբողջականացվեր փազլը»,–ասաց Քոչարյանը։

Լրագրողների նկատառմանը, թե պարզե՞լ են` հայկական կողմը ե՞րբ է իմացել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Ապրիլյանի ժամանակ` պատգամավորն արձագանքեց, թե այո, իր ելույթով ժամով և րոպեով նշված է այդ դրվագը։ Սակայն այդ մասին հայտարարել դեռ չեն կարող, քանի դեռ պարզ չէ` զեկույցի ո՞ր մասն է համարվում գաղտնի։

Հարցին, թե ամեն դեպքում հաղթե՞լ ենք Ապրիլյան պատերազմում` Քոչարյանը պատասխանեց, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, օրինակ, այդպես է ասում։ Քոչարյանը վստահեցրեց` պատերազմի արդյունքում Ադրբեջանն ունի 1994-ի զինադադարի պայմանագրի և դեմարկացիոն գծի խախտում։ Այսինքն` դիրքերը, որտեղ գործողություններ են ընթացել, Ադրբեջանը դրանց նկատմամբ առավելությունը պահել է։ Քոչարյանն ինքը հարցրեց, թե հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ։

Ապրիլյան պատերազմի համար անպատժելիությունն Ադրբեջանն օգտագործեց 4 տարի անց․ Արցախի ՄԻՊ

Քոչարյանը նշեց, որ զեկույցը հնարավորինս պետք է հասանելի լինի իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք` 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: