Հայաստանում շուրջ 6000 անձ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց` պատվաստվողներից որևէ մեկի մոտ անցանկալի հետևանք չի առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Մայիսի 4-ի տվյալներով` Հայաստանում շուրջ 6000 անձ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

«Իհարկե, գոհ չենք պատվաստման այն ցուցանիշներից, ինչ ունենք այս պահին, և ամեն ինչ անում ենք, որպեսզի տեմպն ավելանա։ Շուրջ 6000 պատվաստվողներից որևէ մեկի մոտ բարդություններ, անցանկալի հետևանք չի առաջացել»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` առաջին օղակի աշխատողները պարբերաբար կապ են հաստատում պատվաստվողների հետ և նրանց առողջական վիճակի մասին տեղեկանում։

Այսօրվանից գործում են երկու շարժական կետեր` Հյուսիսային պողոտայում և մոլերում, և ցանկացողները կարող են նաև այնտեղ պատվաստվել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 493–ով և դարձել 217 900։