ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի 2021 թվականի հունիսի 15-ից և կտևի մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը` 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։
Զորակոչի անցկացման մասին որոշման նախագիծը ՀՀ ՊՆ–ը ներկայացրել է հաստատման` կառավարության վաղվա նիստում։
Զորակոչին կմասնակցեն ՀՀ այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին կամ նախկինում տրված տարկետման ժամկետը լրանում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Նույն որոշման նախագծով նախատեսվում է նաև սահմանել զորացրման ժամկետները։ Ըստ այդմ` շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայությունն ավարտող զինծառայողների զորացրումը կիրականացվի 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ։
Ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվեն հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաև Կենտրոնական բժշկական հանձնաժողով։
Զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալները կուղարկվեն ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը կփոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ։
Երևանը հույս ունի հզոր բանակ կառուցել Ռուսաստանի օգնությամբ. ԱԽՔ
Ուսանողների զորակոչը կազմակերպելու նպատակով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հանձնարարվում է փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքներն ու մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել` հանրակրթական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` մինչև 2021 թվականի հունիսի 23-ը, բուհերում` մինչև 2021 թվականի հունիսի 1-ը։