ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը

Նրանք նաև կոչ են անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և զոհերի աճյունների փոխանակման գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ողջունել  են Ադրբեջանի կողմից հայ գերիներ Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սերյան Թամրազյանի ազատ արձակումը։

Նրանք նաև կոչ են անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և զոհերի աճյունների փոխանակման գործընթացը և հարգել նրանց իրավունքները` ապահովելով նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունք:

Ադրբեջանից վերադարձած գերիների համար վերասոցիալականացման ծրագրեր են մշակվում

Համանախագահները հիշեցնում  են, որ ապրիլի 13-ի իրենց հայտարարությամբ կողմերին հորդորել էին փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության տարածքների արդյունավետ ականազերծման համար և վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Համանախագահները խրախուսում են կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել երկկողմ խաղաղության համար բարենպաստ փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։

Նրանք նաև վերահաստատում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսելու պատրաստակամությունը` առաջին իսկ հնարավորության դեպքում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում 200–ից ավելի հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

Մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ գերիները վերադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում։