Ադրբեջանից վերադարձած գերիների համար վերասոցիալականացման ծրագրեր են մշակվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար և նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ արդեն իսկ կան գերությունից վերադարձած անձինք, ովքեր գերության ընթացքում ձեռք են բերել առողջական խնդիրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադարձած ՀՀ քաղաքացիների համար վերասոցիալականացման ծրագրեր Հայաստանում այժմ չեն գործում։ Այսօր ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար և նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը։

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց

«Բայց նախատեսում ենք քննարկումներ սկսել և աշխատում ենք մի ծրագրի վրա, որով հնարավոր կլինի վերադարձած և դեռ վերդառնալիք գերիների համար նախատեսել ծրագրեր, որը կտարբերվի ուղղակի գումար բաժանելուց, այսինքն` կներառի սոցիալական փաթեթ, որը կլուծի մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության և առողջապահական ծառայություններից օգտվելու խնդիր»,– ասաց Մկրտչյանը։

Նա նաև նշեց, որ արդեն իսկ կան գերությունից վերադարձած անձինք, ովքեր գերության ընթացքում ձեռք են բերել առողջական խնդիրներ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում 200–ից ավելի հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

Մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։