Ադրբեջանցի բլոգեր Բայրամ Մամադովի դիակը հայտնաբերվել է Ստամբուլում

Իրավապահները միանգամից մի քանի վարկած են ուսումնասիրում՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար և մահափորձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ստամբուլում հայտնաբերվել է ադրբեջանցի բլոգեր և ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամադովի (Մամեդովի) դին։ Տեղեկությունը հայտնում է Meydan TV-ն:

Մամադովի ընկերների խոսքով՝ մայիսի 2-ից ի վեր նրանից ոչ մի լուր չի եղել։ Մայիսի 4-ին ոստիկանությունից հայտնել են, որ Բայրամի մարմինը երկու օր առաջ հայտնաբերվել է ծովում։

Իրավապահ մարմինների աշխատակիցները միանգամից մի քանի վարկած են ուսումնասիրում՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար և մահափորձ։

Մամադովի մտերիմներին ցույց են տվել դիակի լուսանկարը, նրան ճանաչել են։

Աղբյուրի համաձայն՝ Մամադովին և նրա ընկեր Գիաս Իբրահիմովին ձերբակալել էին 2016-ի մայիսի 10-ին։ Այն ժամանակ նրանք մի քանի հակակառավարական կարգախոսներ էին գրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանի վրա. «Շնորհավորում ենք ստրուկների տոնի կապակցությամբ», «Կորչի համակարգը»։

ՌԴ–ում ադրբեջանցին սպանել է հղի քրոջը, պատճառը հայ ամուսինն է. տեսանյութ

Ոստիկանությունը հայտնել էր, որ ընդդիմադիրների ձերբակալության ժամանակ և ավելի ուշ հերոին են հայտնաբերել տանը, և ակտիվիստին դատում էին հենց թմրանյութեր պահելու և տարածելու հոդվածով: 2016 թվականի դեկտեմբերի 8-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Մամադովին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման։ Նրա ընկերը ևս ազատազրկվել էր նույն ժամկետով։ Երկուսն էլ հայտնել էին, որ կալանավայրում խոշտանգումների և ահաբեկումների են ենթարկվում։

2019 թվականի մարտի 16-ին Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ` Մամադովին և Իբրահիմովին ներում էր շնորհվել:

Միլանում Փաշինյանի վրա «հարձակված» ադրբեջանցի բլոգերին 5-10 տարվա ազատազրկում է սպառնում