ՌԱԴԻՈ

«Երևի ուզում են խժդժություններ առաջացնել». Սաղեյանը` Նժդեհի արձանի «ապամոնտաժման» մասին

Մարտունու վարչակազմի ղեկավարի խորհրդական Արտակ Սաղեյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Նժդեհի արձանի «ապամոնտաժման» լուրը։
Sputnik
«Երևի ուզում են խժդժություններ առաջացնել». Սաղեյանը` Նժդեհի արձանի «ապամոնտաժման» մասին

Արտակ Սաղեյանը Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման լուրը ապատեղեկատվություն է որակում։ Նա վստահեցնում է, որ հուշարձանի ապամոնտաժման մասին խոսակցություն չի եղել նաև իշխանությունների հետ։

«Հուշարձանը տեղում է, ամեն ինչ նորմալ է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Թե ինչու են պարբերաբար նման լուրեր տարածվում, Սաղեյանը դժվարացավ հստակ մեկնաբանել, նրա խոսքով` գուցե ձեռնտու է ոմանց։

«Կան մարդիկ, որոնք երևի ուզում են ինչ-որ խժդժություններ առաջացնել։ Սա իմ անձնական կարծիքն է»,- հավելեց Սաղեյանը։

Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը ևս հերքել էր այսօր սոցիալական ցանցերի հայկական տիրույթում շրջանառվող տեղեկությունը, թե Նժդեհի արձանն ապամոնտաժվել է։

Հիշեցնենք` նմանատիպ խոսակցություններ էին պտտվում նաև այս տարվա փետրվարին։ Բայց այն ժամանակ էլ Արցախի ղեկավարությունը հերքեց լուրերը։

Գարեգին Նժդեհի հուշարձանը սկսել էին տեղադրել 2020թ. սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, Մարտունու ավագանու որոշմամբ։