ԵՐԵՎԱՆ, մայիսի 4 - Sputnik. ԱԱԾ նախկին աշխատակիցների, բարձրաստիճան սպաների հասարակական կազմակերպությունն արդեն գրանցված է և կոչվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ։ Այն նաև գրասենյակ ունի։ Տեղեկությունը գրում է «Հրապարակ» թերթը իր այսօրվա համարում։
Արդեն հայտնել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են ձևավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին աշխատակիցներ, բարձրաստիճան սպաներ։
Նախաձեռնության հիմնադիրներն են ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանն ու ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։ Խորհրդի անդամներից է նաև ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
ՀՀ–ում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը Թաթոյանն է, ամենացածրը՝ Վանեցյանը. Gallup
Շաբաթ օրը ՀԿ անդամները նիստ են արել եւ խորհրդի նախագահ ընտրել Հրանտ Եպիսկոպոսյանին։ Եպիսկոպոսյանի ընտրությունը Միքայել Համբարձումյանը բացատրել է զինվորական աստիճանակարգությամբ` Եպիսկոպոսյան Հրանտը գեներալ-լեյտենանտ է, և, Համբարձումյանի խոսքով, բնականաբար, ինքն էլ պետք է խորհրդի կազմը ղեկավարեր։
Թերթը գրում է, որ մայիսի 7-ին նրանք ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու իրենց ծրագրերն ու գործունեության նպատակները։
Հիշեցնենք, որ 2020թ-ի հոկտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել էր պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Միքայել Համբարձումյանը։ Արդեն նոյեմբերի 8–ին Միքայել Համբարձումյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել էր աշխատանքից, նրան փոպարինել է Արմեն Աբազյանը։
Իսկ Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ–ն ղեկավարել է 2018թ.–ի մայիսի 10–ից մինչև 2019թ.–ի սեպտեմբերի 16–ը։