Պետք է պատվաստվել, որպեսզի ՀՀ–ում գումարն ավելանա. պարզաբանում է ԿԲ ղեկավարը

Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2021 թվականին օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը կհասնի նախաճգնաժամային ցուցանիշի մեկ երրորդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik.COVID-ի դեմ պատվաստումների տեմպերից է կախված զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, ինչը նաև լրացուցիչ արժույթ է նշանակում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար առևտրի խոշոր կենտրոններում էլ բուժկետեր կգործեն

Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է ավելի արագ, քան սպասվում էր, այդ թվում նաև բավականին ինտենսիվ պատվաստումների պատճառով։

Գալստյանի խոսքով` շատ կարևոր է այն հնարավորինս արագ անցկացնել նաև Հայաստանում, որովհետև եթե չհասնենք անհրաժեշտ մակարդակին, ապա Հայաստանի ուղղությամբ ուղևորությունները (այդ թվում՝ զբոսաշրջային) պարզապես կարող են արգելել։

ԿԲ ղեկավարը նշեց, որ արտարժույթի ներհոսքը կախված չէ նրանից` Ռուսաստանից կամ Արևմուտքից զբոսաշրջիկներ գալիս են Հայաստան, թե ոչ, քանի որ ռուբլին ազատ փոխարկելի արժույթ է, և բանկերը ցանկացած պահի կարող են նորմալ փոխարժեքով այն փոխանակել դոլարով կամ եվրոյով:

ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի ղեկավար Արմեն Նուրբեկյանն էլ նշեց, որ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ զրույցներում զբոսաշրջային ընկերությունների մենեջերները ևս նշել են, որ զբոսաշրջիկների թիվը շատացել է, իսկ մայիսյան տոներին կավելանա նաև Ռուսաստանից եկողների հոսքը:

Ըստ ԿԲ նախնական կանխատեսման` 2021 թվականին օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը կհասնի նախաճգնաժամային 2019 թ.–ի մեկ երրորդին։

Գնաճի հարցում բնակչության սպասումները լավատեսական չեն. ի՞նչ է անում Կենտրոնական բանկը