Նույն ձեռագիրն է, որով Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի. ԱԺ–ն արձագանքեց Շուշիում կատարվածին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում Ադրբեջանի գործելաոճը որակեց որպես «ռասիստական պետության քաղաքականություն» ու «էթնիկ ատելություն հայության նկատմամբ»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին շինարարական աշխատանքների անվան տակ իրականացված բարբարոսության արդյունքում վերադարձվել է 1992թ.–ին եղած վիճակին։

Այս մասին այսօր ԱԺ–ի ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Չի բացառվում, որ ադրբեջանցիները Շուշիի եկեղեցին հետագայում մզկիթ դարձնեն. Բաբայան

«Գմբեթը դեռևս 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ունեցել է այն վիճակը, որն ուներ մինչ այն քանդելը։ Սա արվում է հստակ պատճառներով. վերացնել հայկական ինքնության մասին ցանկացած նշում Ադրբեջանում, ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտը, որը Շուշիում մշտապես լինելու էր բարձր ու տեսանելի ցանկացած հատվածից և ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևիցե եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունը այդ տարածաշրջանում»,– ասաց Վարդանյանը։

Նա նաև հայտնեց, որ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներին հանձնարարվել է տեղի ունեցած վանդալիզմի մասին իրազեկել բոլոր երկրներին։

«Սա նույն ձեռագիրն է, որով Թուրքիայում Այա Սոֆիան վերածվեց մզկիթի, նույն ձեռագիրն է, որը տեղի ունեցավ Ջուղայում, ու եթե մենք չարձագանքենք ու չստիպենք, որ միջազգային հանրությունը սկսի արձագանքել նման իրավիճակին, ունենալու ենք կրկին ոչնչացված հուշարձաններ»,– ասաց նա։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր ելույթում Ադրբեջանի այդ գործելաոճը որակեց որպես «ռասիստական պետության քաղաքականություն» ու «էթնիկ ատելություն հայության նկատմամբ»։

«Սա մի պետության վերաբերմունք է, որը չունի մշակութային պատմություն ու նույն մոտեցմամբ էլ վերաբերվում է հայկական մշակույթին` փորձելով վերացնել բոլոր հետքերը»,– ասաց Մակունցը։

Նա նաև շեշտեց, որ այդ հարցը պիտի լինի բոլոր միջազգային կառույցների և հատկապես` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրության կենտրոնում, որովհետև հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող մնալ անարձագանք։

Հիշեցնենք՝ այսօր Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել էր Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու՝ անգմբեթ լուսանկարները։ Նա գրել էր, որ մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են եկեղեցու գմբեթները։