Նժդեհի արձանն իր տեղում է. Արցախի նախագահի խոսնակը հերքում է լուրը

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում հերթական անգամ «ապամոնտաժում» են ազգային հերոսի արձանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik.Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքում է Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման լուրը, որը հերթական անգամ տարածվել է սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։

«Արձանն իր տեղում է։ Նրա ճակատագիրը կարող են որոշել միայն Մարտունու բնակիչները»,– Sputnik Արմենիային ասաց Ավանեսյանը։

Հիշեցնենք` նմանատիպ խոսակցություններ էին պտտվում նաև այս տարվա փետրվարին։ Բայց այն ժամանակ էլ Արցախի ղեկավարությունը հերքեց լուրերը։

Գարեգին Նժդեհի հուշարձանը սկսել էին տեղադրել 2020թ. սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, Մարտունու ավագանու որոշմամբ։