Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, Ադրբեջանի կողմից հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման քաղաքականության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Շնորհավորելով դիվանագետին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով, բայց, այդուհանդերձ, առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին: «Պետք է մեծ ուշադրություն դարձնել տնտեսական գործընկերության խորացմանը, քանի որ այն համագործակցության զարգացման կարևորագույն ցուցիչներից է»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանում կենսունակ հայ համայնք կա, և Հայաստանը երախտապարտ է Ղազախստանին՝ համայնքի գործունեության պայմանների ու հնարավորությունների համար:

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը

Դեսպանը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և վարչապետ Ասկար Մամինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ պատրաստ է գործադրել առավելագույն ջանքերը՝ զարգացնելու հայ-ղազախստանյան քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար գործընկերությունը: Բոլատ Իմանբաևը համակարծիք է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որ տնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք չի իրացվում, և ինքն ակտիվ աշխատելու է ինչպես տնտեսական, այնպես էլ փոխշահավետ մյուս ուղղություններով: Դեսպանը բարձր է գնահատել հայ համայնքի դերը իր երկրի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Ղազախստանի խորհրդարան հայազգի պատգամավոր է ընտրվել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ղազախստանյան հարաբերությունների օրակարգի և այն հարստացնելու ուղղությամբ անելիքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և նշել, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը և դրանով իսկ խաթարել կայունությունը տարածաշրջանում: Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, Ադրբեջանի կողմից հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման քաղաքականության վրա՝ ընդգծելով, որ միջազգային առաջադեմ հանրությունը պետք է ջանքեր գործադրի վանդալիզմի այդ դրսևորումները կանխարգելելու համար:

Վարչապետի պաշտոնակատարը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ղազախստանի նախագահին, առաջին նախագահին, վարչապետին և արդյունավետ աշխատանք մաղթել նորանշանակ դեսպանին: