Մոուրինյոն` Մխիթարյանի հետքերով. ՄՅՈւ–ի նախկին մարզիչը տեղափոխվելու է «Ռոմա»

Հենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մոուրինյոն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէին «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղից հայ ֆուտբոլիստը հեռացավ 2018 թվականի սկզբին։ Պորտուգալացի մարզիչը հեռացվեց մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնից մեկ տարի անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է, որ Պաոլո Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է գայլերի գլխավոր մարզչի պաշտոնից։ Արդեն հայտնի է, որ Ֆոնսեկային փոխարինելու է Ժոզե Մոուրինյոն, որի գլխավորությամբ մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Թիմի կատարած ֆանտաստիկ աշխատանք». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել ցնծացող մարզադաշտից

Մարզչական փոփոխությունները ֆուտբոլում արտասովոր երևույթ չեն համարվում։ Համենայնդեպս թիմի ոչ բավարար արդյունքների պատճառով մարզիչներին հաճախակի են փոխում։ Այն, որ «Ռոմայում» Ֆոնսեկային փոխարինելու է Մոուրինյոն, ոչ մի անսովոր բան չկա։ Բայց հայ երկրպագուի համար ինտրիգ կա հաստատ։ Չէ՞ որ «Ռոմայում» է խաղում Հենրիխ Մխիթարյանը, որին վստահում և թիմի առանցքային ֆուտբոլիստ է համարում Ֆոնսեկան, իսկ Մոուրինյոն «Մանչեսթերում Յունայթեդում», մեղմ ասած, չէր վստահում հայ ֆուտբոլիստին։

Վերջին մի քանի օրերին անընդհատ խոսվում էր Մխիթարյանի «Ռոմայից» իտալական գրանդ՝ «Յուվենտուս» տեղափոխվելու մասին։ Իտալական մի քանի պարբերականներ նշում էին, որ Հենրիխին իր կազմում ուզում է տեսնել «Ծեր սինյորան», և մեր ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան չի շտապում։ Իհարկե սրանք ոչ պաշտոնական տեղեկություններ են։ Բայց փաստ է, որ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Միգուցե Հենրիխն ինչ- որ բան զգո՞ւմ էր։ Դժվար է պատկերացնել, որ անգլիական ակումբում ոչ նորմալ հարաբերություններից հետո Մխիթարյանն ու Մոուրինյոն «ռեսթարտ» կտան իրենց ֆուտբոլային համագործակցությանը։

Հենրիխ Մխիթարյանը դեռ լավ մարզավիճակում չէ. Պաուլո Ֆոնսեկա

«Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանը հայտնվեց 27 տարեկանում, իսկ հեռացավ երկու տարի անց` 35 խաղերում խփելով հինգ գնդակ։ 30 տարեկանում հայ ֆուտբոլիստը «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա», իսկ հետո դարձավ իտալական թիմի լիարժեք ֆուտբոլիստը: Հիմա Հենրիխը «Ռոմայի» կազմում անցկացրել է 52 խաղ ու դարձել 18 գոլի հեղինակ։

Սակայն այս պահի ամենակարևոր գործոնը մեր ֆուտբոլիստի տարիքն է։ Մխիթարյանը 32 տարեկան է, և հաստատ չի ուզենա նստել պահեստայինների նստարանին, ինչը հնարավոր է Մոուրինյոի հետ նույն թիմում հայտնվելու պայմաններում։ Ժամանակը ցույց կտա, թե որտեղ կշարունակի իր կարիերան Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը, իսկ թե որտեղ կշարունակի Մոուրինյոն արդեն հայտնի է։