Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները

Ֆրանսիայի նախագահը զրուցել է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հեռախոսազրույցի մանրամասները ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակնում։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը», որի գրավոր հարցմանը պատասխանել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցին:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ զրուցել է ապրիլի 26-ին։

«Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կլինեն»,- նշել է Լաքոտը:

Դեսպանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է:

ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին

Լրատվամիջոցի հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն ի վերջո վերադարձնի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, Լաքոտը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունում կոչ էր արվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին:

«Ապրիլի 13-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները կոչ են արել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ազատել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց: Ապրիլի 24-ին պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Ֆրանսիայի դեսպանությունում ընդունեց գերիների ընտանիքներին»,- հայտնել է դեսպանը:

Հիշեցնենք` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 9-ի` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Պատերազմով խաթարված բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին հայտարարել են ՄԽ համանախագահները։ Ադրբեջանը չի իրականացնում նաև եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որով Բաքուն պարտավոր է վերադարձնել հայ գերիներին, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։