2000-ականների սկզբից ի վեր Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ նահանգների համար դիտարկվում է որպես տրանզիտային կարևոր հարթակ դեպի Աֆղանստան զորքեր տեղափոխելու հարցում, և այդ նպատակով ՄՆ-ն խնդիր ունի սիրաշահել Ադրբեջանին։ Սա 907-րդ բանաձևի կասեցման կարևորագույն գործոններից մեկն էր, բայց ոչ միակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։
2002-ից սկսած` ՄՆ նախագահները պարբերաբար շրջանցել են 907-րդ բանաձևը և Ադրբեջանին ցուցաբերել են օգնություն, այդ թվում՝ ռազմական բնույթի։
Մինասյանը հիշեցնում է` Թրամփի նախագահության շրջանում ՀՀ-ը Միացյալ նահանգներից ստացել է 16 մլն, իսկ Ադրբեջանը մի քանի անգամ ավելի` 106 մլն դոլարի օգնություն։ Միայն Բարաք Օբամայի վարչակարգի օրոք է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ստացել են գրեթե հավասարաչափ` 117 և 114 մլն-ի օգնություն։
Թրամփի գործելաոճն այժմ էլ Բայդենն է որոշել շարունակել և շրջանցելով 907-րդ բանաձևը՝ ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, այն դեպքում, երբ դեռևս 2020-ի հոկտեմբերին Բայդենն ինքն էր դիմել նախագահ Թրամփին և նրա ադմինիստրացիային, որ պահպանեն 907-րդ բանաձևով առկա սահմանափակումները և որևէ ձևով օգնություն չտրամադրեն Ադրբեջանին։ Հիմա Բայդենը ճիշտ հակառակն է անում։
«Բնականաբար, դա պայմանավորված է ԱՄՆ շահերով։ Ադրբեջանը հատկապես պատերազմից հետո ոչ միայն պահպանում է ԱՄՆ համար իր կարևորությունը, այլև ձեռք է բերել տարածաշրջանային ավելի մեծ կարևորություն, ինչը տարբեր բևեռներ չեն կարող հաշվի չառնել իրենց քաղաքականությունը տարածաշրջանում մշակելիս և իրականացնելիս»,- ասաց Մինասյանը։
Թե որքան կկազմի այդ օգնությունը՝ դեռևս պարզ չէ, սակայն, Մինասյանի խոսքով, այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ Ադրբեջանին տրամադրվող օժանդակության մեծ մասը նախատեսված է հակաահաբեկչական պայքարի նպատակով, ինչը ևս հակասում է Ադրբեջանի` արցախա-ադրբեջանական պատերազմում որդեգրած քաղաքականությանը։
«Պատերազմի ժամանակ մեկ անգամ չէ և մեկ ամերիկյան պաշտոնյա չէ, որ հայտարարել է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններում ներգրավում և օգտագործում է սիրիացի վարձկանների, ահաբեկիչների, և այժմ փաստացի ԱՄՆ-ն պատրաստվում է հակաահաբեկչական բնույթի աջակցություն տրամադրել ահաբեկչությունը ֆինանսավորող երկրի»,- նշեց Մինասյանը։
ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատել հայ գերիներին
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Ինչպես հաղորդում է The Hill պարբերականը, Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ վարչակազմը երկարաձգում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը:
Ուղղումն ընդունվել է 1992 թվականին՝ հայկական լոբբիի ճնշման ներքո։ Փաստաթուղթը սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պետական մակարդակով օգնություն ցուցաբերելը։
Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։