ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանում ավելի հեշտ է կառուցել ինքնակամ շինություն, հետո այն օրինականացնել, քան գնալ օրինական ճանապարհով։ Այս մասին այսօր ԱԺ–ի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը` խոսելով նույն խմբակցության 10 անդամների ներկայացրած նախագծի մասին, որով առաջարկվում է Վարչական իրավախախտումների և Քրեական օրենսգրքերում փոփոխություններով բացառել ապօրինի շինությունների օրինականացումը։
Բաբկեն Թունյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն կա հնարավորինս պարզեցնել համայնքային հողերի վրա շինարարության թույլտվությունների պրակտիկան` կանխելով ինքնակամների կառուցումները։
«Դրա համար մենք առաջարկում ենք հիմա հարցը մտցնել օրակարգ։ Մինչև երկրորդ ընթերցում մենք կհասկանանք` ելակետային տվյալներ ունենք թե ոչ, ինչ կարելի է անել և ինչքանով կարելի է չեզոքացնել բոլոր ռիսկերը»,– ասաց Թունյանը։
Խորհրդարանի մեծամասնության քվեարկությամբ հարցը ներառվեց քառօրյա նիստերի օրակարգում ու առաջիկա օրերի ընթացքում կքննարկվի ավելի հանգամանորեն։