Հայ գերիներից ևս 3-ը վերադարձան Երևան

Տիգրան Ավինյանի գրասենյակից հույս են հայտնել, որ գերիներին վերադարձնելու գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Երեք հայ գերիներն արդեն Հայաստանում են. քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ռազմական ինքնաթիռը, որով էլ գերիները վերադարձան հայրենիք։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը «Էրեբունի» օդանավակայանում հավաքված լրագրողներին ասաց, որ գերիների վերադարձը հնարավոր է դարձել բացառապես Ռուսաստանի իշխանության, պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավար գեներալ Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ։

Բաքվից Երևան վերադարձած տղաներին տեղափոխել են բուժկենտրոն, որպեսզի նրանք համապատասխան բուժզննում անցնեն։

Նշենք, որ այսօր Sputnik Ադրբեջանը հայտնել էր` Ադրբեջանն ազատ է արձակել Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների․ հայտնի են անունները